ԱԺ փոխնախագահ, ՀՀ և Բելառուսի ԱԺ-ների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկուն:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար կարևոր հարթակ է խորհրդարանական ձևաչափը: Այս համատեքստում նա կարևորել է երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի դերը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Վիկտոր Գումինսկին արձագանքել է, որ Բելառուսը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է:
Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Վիկտոր Գումինսկին ընդգծել է, որ խորհրդարանականները հնարավորը պետք է անեն, որ նման ողբերգությունները չկրկնվեն: